Մարուքյան․ Ի՞նչ անեմ՝ ինքնասպան լինեմ, պատանդ վերցնեմ, շենքեր գրավեմ, թե իշխանությունը չգնա արտահերթի

Մարուքյան․ Ի՞նչ անեմ՝ ինքնասպան լինեմ, պատանդ վերցնեմ, շենքեր գրավեմ, թե իշխանությունը չգնա արտահերթի

PanARMENIAN.Net - Ընդդիմությունն ամեն օր սպասում է խորհրդարանի ինքնալուծարմանը, բայց եթե իշխանությունը որոշի չգնալ արտահերթի, ապա պետք է Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներ կիրառվեն, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ բացառելով ինքնասպանության, շենքեր գրավելու, պատանդ վերցնելու կամ «շահիդի գոտի» կապելու տարբերակները։

Մարուքյանն արձագանքել է հարցին, թե ինչ կանեն, եթե իշխանությունը որոշի չգնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով և արդյոք կսպասեն մինչև 2023թ. ընտրությունները։

«Ի՞նչ անեմ, ինքնասպանությա՞ն դիմեմ դրա համար, ի՞նչ անեմ, զինված խումբ ձևավորեմ մարդկա՞նց սպանեմ, շենքեր գրավեմ-վառե՞մ, պատանդներ վերցնեմ, պահանջեմ վարչապետի հրաժարակա՞նը: Ուզում եմ ասել՝ կան Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներ: Դուք ի՞նչ եք առաջարկում, շահիդի գոտի կապեն, գնան տրաքե՞ն ընդդիմադիրները: Վարչապետի հրաժարականը մեկ օրվա գործընթաց չէ, երկար քաղաքական գործընթաց է և դրա հանգուցալուծումը կլինեն արտահերթ ընտրությունները, թե կլինի հրաժարական և անցումային կառավարության ընտրություն, հիմա դա չեմ կարող կանխատեսել, բայց այդ երկուսից մեկը հաստատ կլինի, իսկ թե երբ, դա էլ չեմ կարող ասել»,-ասել է Մարուքյանը, փոխանցում է Factor.am-ը:

Հարցին, թե կան արդյոք «Իմ քայլից» պատգամավորներ, որոնք խոստանում են առաջադրվելու դեպքում ընտրել իրեն, և ովքեր են նրանք, Մարուքյանը պատասխանել է՝ կան, բայց, եթե անուններ տա, այդ մարդկանց կհետապնդեն։

«Այո՛, կան: Ուզում եք անունները տամ, մարդկանց հետապնդե՞ն: Բա որ չկան, ինչո՞ւ չի հրաժարական տալիս, թուղթ է ուզում: Բա որ չկան, ի՞նչն է խնդիրը»,-ասել է նա։

Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դավաճան լինելու» մասին դիտարկմանը՝ Մարուքյանը նշել է, որ իր համար կասկածելի շատ բան կա, մասնավորապես՝ ինքը չգիտի, թե ինչու է զինկոմիսարիատների կողմից կազմակերպված պրոցեսը կիսատ թողնվել և կոչ արվել ջոկատներ կազմել։ Ըստ նրա՝ համապատասխան հանձնաժողով է պետք ստեղծել՝ այդ հարցերի պատասխանները ստանալու համար։

Մարուքյանի մեկ այլ դիտարկմամբ՝ Արցախում անվտանգության երաշխավորը խաղաղապահ ուժերն են։

«Այն խաղաղությունը, որ կար, կոտրվել է պատերազմով և վերահաստատվել է խաղաղապահ ուժերի ներմուծումով, հետևաբար՝ անվտանգության երաշխավորը խաղաղապահ ուժերն են»,-ասել է Մարուքյանը։

Ավելի վաղ ԼՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ պատրաստ է անցումային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել՝ «հանրային համերաշխությունը վերականգնելու համար»։ 2020-ի դեկտեմբերին ԼՀԿ-ն մերժել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու և հուշագիր ստորագրելու առաջարկը՝ կոնտր առաջարկով ներկայացնելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---