ՌԴ նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԱՀ-ում պատերազմի հետևանքները

ՌԴ նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԱՀ-ում պատերազմի հետևանքները

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Նախագահ Սարգսյանը ռուսաստանյան կողմին շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարության՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտված հետևողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։

Ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց՝ Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։

Դեսպանի խնդրանքով՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։

Դեսպան Կոպիրկինն իր հերթին քննարկվող թեմաների շրջանակում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա կողմից գործադրվող ջանքերը։

 Ուշագրավ
---