Երևանյան Հոլիվուդում գործող խաղատունը պետությանը 5․5 մլրդ դրամի վնաս է պատճառել

Երևանյան Հոլիվուդում գործող խաղատունը պետությանը 5․5 մլրդ դրամի վնաս է պատճառել

PanARMENIAN.Net - Երևանի «Հոլիվուդ» կոչվող թաղամասում վարձակալության հանձնված առանձնատներից մեկում ապօրինի խաղատուն է գործել, արդյունքում պետությանը 5․5 մլրդ դրամի վնաս է հասցվել, փոխանցում են Ոստիկանությունից։

Վարձակալները խաղատանը կազմակերպել են «պոկեր» տեսակի շահումով խաղեր՝ առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության՝ լիցենզիայի։ Նրանց խաղի մասնակիցներին վաճառել են 1000, 5000 ու 25.000 դրամին համարժեք խաղաքարեր։

«Վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների յուրաքանչյուր շահումից կատարվել են 5%-ի չափով գանձումներ՝ հօգուտ կազմակերպիչների։ Ապօրինությունների հետևանքով առնվազն պետական տուրքի չափով պետությանը պատճառվել է 5․5 մլրդ դրամի վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ։

Խաղերի կազմակերպիչ և մասնակից անձանց խուզարկության ժամանակ հայտնաբերվել են խաղասրահում շրջանառելու համար նախատեսված խոշոր չափի գումարներ, ինչպես նաև մարիխուանայի նմանվող զանգված, կաթուցիչ, դանակ և այլն։

Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---