ԱԳՆ․ ՀՀ-ն չի վերանայել Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը

ԱԳՆ․ ՀՀ-ն չի վերանայել Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը

PanARMENIAN.Net - Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը, որտեղ հնչեցվել են մտահոգություններ Թուրքիայի հանդեպ ՀՀ մոտեցումների վերաբերյալ:

Նշվում է, որ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ տեղ գտած մտահոգությունները հիմնված են ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսքերի մեկնաբանությունների վրա։

«Այդ մեկնաբանությունները կամ, ինչպես դրանք ձևակերպված են՝ «հաստատումները», կատարված են ընդհանուր համատեքստից դուրս և որևէ կերպ չեն արտացոլում ՀՀ գնահատականը և մոտեցումները Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավման առնչությամբ»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Այվազյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Արցախի ստատուս քվոյի փոփոխությունից հետո Թուրքիան այլևս Հայաստանի հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չունի։ «Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյով, որն ուժի կիրառմամբ փոխվել է: Թուրքիան որևէ պատճառ չունի ՀՀ հետ սահմանը փակ պահելու»,- ասել է Այվազյանը:

Նաղդալյանը հավելել է նաև, որ այդ իսկ հարցուպատասխանի մեջ հստակորեն նշված էին Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ մտահոգությունները, մասնավորապես` Հայաստանի սահմանին մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ իրականացնելու մասով։

«Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ ներկայումս գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ:

ՀՀ դիրքորոշումն այս հարցում որևէ փոփոխություն չի կրել։ Վստահ ենք, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները և այլ զանգվածային ոճրագործություններն առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը՝ նմանօրինակ միջազգային ոճիրների կանխարգելման և չկրկնման նպատակով»,-ասել է նա։

Նշվել է նաև, որ այս հարցում ՀՀ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը սփյուռքահայ հեղինակավոր կազմակերպությունների հետ։

«Տարբեր առիթներով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ դիտարկելու ենք ոչ թե Թուրքիայից հնչող հայտարարությունները, այլ գործողությունները: Այդ գործողությունները մինչ օրս չեն եղել կառուցողական: Նույն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարն ասել է, որ «Հայաստանի, մեր դիվանագիտության, մեր ժողովրդի համար պետք է մեր շուրջ ձևավորել բարենպաստ մթնոլորտ, բնականաբար, չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»,-ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ:

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի մտահոգություն էր հայտնել՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նապարարի հայտարարությունից ուղղակիորեն կարող են բխել հետևյալ հաստատումները. Որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է համակերպվել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ, որ որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

 Ուշագրավ
---