10 մարտի 2021 - 10:25 AMT
Նախագահը դիմել է ՍԴ․ Հուսով է՝ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Նշվում է, որ դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:

Սահմանադրական դատարանն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հնարավորություն ունի՝ համակողմանիորեն և համակարգային առումով փոխկապակցված քննություն իրականացնել և որոշում կայացնել:

Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները և ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչև այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս և հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման և կիրառման համատեքստում:

Հանրապետության նախագահը հույս է հայտնում, որ հնարավորինս արագ համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը:

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին:

Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում է, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ նախագահն առանձին դիմումով դիմեց ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: