10 մարտի 2021 - 10:55 AMT
Մարուքյան․ Հերթը Սահմանադրական դատարանինն է

Ակնհայտ է, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելը հղի է ծանր հետևանքներով ոչ միայն Զինված ուժերի, այլև ամբողջ երկրում հարաբերական կայունությունն ապահովելու տեսանկյունից, ըստ այդմ՝ «հերթը սահմանադրական դատարանինն է՝ ապացուցելու, որ դա ի վերջո սահմանադրական արդարադատություն իրականացնող և պետական մտածողություն կրող ինստիտուցիոնալ մարմին է», հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սահմանադրական դատարանը, քննության ընդունելով Հանրապետության նախագահի դիմումը, կարող է կասեցնել բողոքարկվող օրենսդրական դրույթների գործողությունը, ինչով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ չի մտնի և, հետևաբար, ԳՇ պետը չի ազատվի պաշտոնից՝ առնվազն մինչև սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը»,- գրել է նա՝ հղում անելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ մինչև դատաքննության ավարտը կարելի է կասեցնել վիճարկվող ակտի կամ դրույթի ընթացքը։

Մարտի 10-ին նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:

Ավելի վաղ ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին, որը նորից չստորագրեց այն: