Տեր-Պետրոսյանը ողջունել է ԳՇ պետի՝ իր պաշտոնանկությունն իրավական ճանապարհով վիճարկելու որոշումը

Տեր-Պետրոսյանը ողջունել է ԳՇ պետի՝ իր պաշտոնանկությունն իրավական ճանապարհով վիճարկելու որոշումը

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

«Եվս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունт ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։

Ուզում եմ ընդգծել նաև, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն և միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված և մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր և շատ ավելի ցավալի վտանգներով»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է ilur.am-ը։

Առաջին նախագահը հավելել է, որ դրանով հանդերձ, արդեն քանիերորդ անգամ հարկադրված է կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանն իշխանության և ընդդիմության միջև փոխզիջման անհապաղ կայացումն է։

«Դրա հնարավորությունը դեռևս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլևս երբեք նորմալ և արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա»,- ասվում է հայտարարության մեջ։

Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ոչ միայն և ոչ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին: Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում էր, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---