Թաթոյանը ՄԻՊ-ի պետֆինանսավորման կրճատումը համարում է խտրական

Թաթոյանը ՄԻՊ-ի պետֆինանսավորման կրճատումը համարում է խտրական

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատում նախատեսող և Կառավարության նիստում հավանության արժանացած նախագիծը համարում է խտրական։

«Այն ուղղված է միայն ՄԻՊ-ի ֆինանսավորման սահմանափակումներին»,- ասել է նա` նշելով, որ մյուս պետական մարմինների ֆինանսավորումը չի կրճատվել, գրում է Panorama.am-ը։

Ուսումնասիրելով մյուս պետական մարմինների ֆինանսավորումը, ՄԻՊ գրասենյակում տեսել են, որ կան նախարարություններ, որոնց ֆինանսավորումը կազմում է 9 մլրդ դրամ, 32 մլրդ դրամ, 211 մլրդ դրամ, 200 մլրդ դրամ։ Կան կառավարությունից անկախ մարմիններ, որոնք ունեն 1 մլրդ դրամից ավելի ֆինանսավորում, կան անկախ մարմիններ, որոնք ունեն 100 մլն դրամից ավելի ֆինանսավորման աճ։

Նա շեշտել է, որ պատերազմից հետո ՄԻՊ աշխատակազմի աշխատանքի ծավալը շեշտակի աճել է՝ ընդգրկելով նոր հարցեր, խնդիրներ ու ոլորտներ, ինչպիսիք են ռազմագերիների, անհետ կորածների, սահմանների վերաբերյալ հարցերը։

Թաթոյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ-ը 2015-ին ստացել է 5214 բողոք, 2020-ին՝ գրեթե 15,000 բողոք։

«Միայն 2021թ․ առաջին երկու ամսվա ընթացքում մենք ունեցել ենք 3000 բողոք։ Մենք 2020-ին ունեցել ենք ամիսներ, որ մեկ ամսվա ընթացքում 300 բողոք ենք ստացել։ 2020-ին միայն թեժ գծով ստացել ենք 12,000 զանգ։ Այս թվերում ներառված չեն մեր այցերը։ Դրական լուծում ստացած հարցերը ևս մի քանի անգամ ավելացել են»,- նշել է Թաթոյանը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ կառավարությունը ՄԻՊ աշխատակազմից վերցրել է նաև ծառայողական մեքենաները։

«Կառավարությունը սկզբում մեզ առաջարկել էր վերցնել 8 մեքենա, որոնց մեծ մասը ԵՄ միջոցներով էին ձեռք բերվել, հետո, չսպասելով մեր կարծիքին, ճիշտն ասած՝ ծանրաբեռնվածության պատճառով ուշացրեցի, որոշվեց վերցնել 7-ը։ Դա կազմում էր մեր մեքենաների 70-80 տոկոսը և լուրջ խոչընդոտ էր լինելու, որոշվեց վերցնել 3-ը»,- նշել է նա։

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Կառավարության որոշմամբ կարող է կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությանը, որով իր անհամաձայնությունն է հայտնել Կառավարության առաջարկած փոփոխություններին։ Ըստ Freedom House-ի, ՄԻՊ ֆինանսավորման կրճատումը կխաթարի կառույցի անկախությունը։ Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---