19 մարտի 2021 - 15:39 AMT
Մարուքյանը` արտահերթի շուրջ կարծիքների մասին․ Վերջապես կողմնորոշվեք` ինչ էիք ուզում, որ այդպես էլ չստացվեց

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներին, հորդորել է վերջապես կողմնորոշվել՝ ինչ էին ուզում, որ այդպես էլ չստացվեց։

«Քանի կար, բոլորն ասում էին՝ խնդրում ենք, մի բան արեք, մի լուծում գտեք երկիրը ցնցումներից հանելու համար, գոնե արտահերթ ընտրություններ կազմակերպեք, որ ժողովուրդը որոշի, թե ինչպես ենք այս վիճակից դուրս գալու։

Մենք գնացինք բոլոր հնարավոր զիջումներին, և ահա, արտահերթ ընտրությունների օրը հայտարարված է, տեսնում ենք հայտարարություններ, որ այդ ընտրությունները լինելու են ամենավատը, ամենախայտառակը, ամենակեղծվողը և այլն։

Լավ, բա ի՞նչ եք ուզում. կարո՞ղ եք վերջապես կողմնորոշվել, թե ինչ էիք ուզում, որ այդպես էլ չստացվեց»,-ասվում է գրառման մեջ։

Մարուքյանն ավելի ուշ ասել է նաև, որ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի լուծարմանը չի խոչընդոտելու, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Մինչև հունիսի 20-ը որևէ կերպ չենք խոչընդոտելու խորհրդարանի լուծարման գործընթացին: Նաև մինչև հունիսի 20-ը չենք առաջադրի վարչապետի թեկնածու», - ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։