ԱԳՆ․ HRW-ն փաստագրել է հայ ռազմագերիների հանդեպ պատերազմական հանցագործությունները

ԱԳՆ․ HRW-ն փաստագրել է հայ ռազմագերիների հանդեպ պատերազմական հանցագործությունները

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով The Human Rights Watch-ի զեկույցը հայ ռազմագերիների վերաբերյալ, նշել է, որ կազմակերպությունը փաստագրել է նրանց նկատմամբ լայնածավալ պատերազմական հանցագործությունները։

«Ինչպես նշված է The Human Rights Watch-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։

Զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։ Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը:

«Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական ուժերն անթույլատրելի վերաբերմունք են դրսևորել 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների հանդեպ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ է ներկայացնում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---