Թունյանը՝ Բագրատյանին․ Ներողություն կխնդրեմ, թե ապացուցեք, որ $120 մլն-ի պարգևավճար է բաժանվել

Թունյանը՝ Բագրատյանին․ Ներողություն կխնդրեմ, թե ապացուցեք, որ $120 մլն-ի պարգևավճար է բաժանվել

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ապացուցի իր հայտարարությունը, թե 2020-ին $120 մլն-ի պարգևավճար է բաժանվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պատրաստ է ներողություն խնդրել, այս մասին հայտարարել է ինքը՝ Թունյանը՝ անդրադառնալով Բագրատյանի՝ ավելի վաղ հնչեցրած մտքերին։

Պատգամավորը նշել է՝ չապացուցելու դեպքում նախկին վարչապետն է ներողություն խնդրելու։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ Բագրատյանը հայտարարել էր, թե պետական համակարգում 2020-ին պարգևավճարների վրա ծախսվել է $120 մլն, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եկամուտները յուրաքանչյուրինը կազմում են $60,000։ Նա նշել էր, թե պարգևավճարների վրա ծախսված գումարով կարելի էր 2000 փոքր ԱԹՍ գնել կամ 10 ՏՈՌ համակարգ։ Թունյանը պատասխանել է Բագրատյանի այս պնդումներին։

Թունյանը նշել է, թե պետպաշտոններ զբաղեցրած, իրենց լավ մասնագետ համարող մարդիկ հանրային խոսքի նկատմամբ պետք է զգույշ լինեն։ Բագրատյանի խոսքերը նա «վտանգավոր մանիպուլյացիա» է որակել։

«Այս բոլոր պնդումները սուտ են, ԱԺ նախագահի, վարչապետի եկամուտների մասին տվյալները դեռ չեն հրապարակավել, նախկինում հրապարակված տվյալներում նման ինֆորմացիա չկա։ $120 մլն-ի պարգևավճար 2020-ին պետական համակարգում չի եղել»,-հայտարարել է նա։

 Ուշագրավ
---