Զոհրաբյան․ Քանի Բաքուն չի վերադարձրել գերիներին, դադարեցնել ապաշրջափակման քննարկումը

Զոհրաբյան․ Քանի Բաքուն չի վերադարձրել գերիներին, դադարեցնել ապաշրջափակման քննարկումը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով գերիների հարցին, հետևյալ հնարավոր լուծումն է տեսնում՝ քանի դեռ Ադրբեջանը չի կատարում համաձայնագրի 8-րդ կետը, Հայաստանը պետք է հրաժարվի 9-րդ և մնացած կետերի կատարումից՝ այսինքն՝ կոմունիկացիան չպետք է ապաշրջափակվի, գրում է Pastinfo-ն։

«Սյունիքով-Նախիջևանով Ադրբեջանին կապ ապահովելու ցանկացած գործընթաց իմպերատիվ կերպով պետք է դադարեցվի մինչև վերջին ռազմագերին և գերեվարված քաղաքացիական անձը չվերադառնա Հայաստան կամ Արցախ, որովհետև գերիների թվում կան նաև քաղաքացիական անձինք, մեր տեղեկություններով` նրանց թվում է նաև երեք կին: Պետք է դադարեցնել որևէ քննարկում կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված և որպես նախապայման դնել ռազմագերիների հարցը, որը համաձայնագրի 8-րդ կետով ամրագրված է: Ցավոք, դա չի արվում»,-ասել է Զոհրաբյանը։

Նա կարևորել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վերջապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է գերիների հարցը։

«Սակայն, չգիտես ինչու, նա խուսափեց ռազմագերի ձևակերպումը տալուց։ Այստեղ լրջագույն տարբերություն կա, եթե օգտագործվում է ռազմագերի տերմինը, ավտոմատ կերպով գործում է Ժնևի 3-րդ կոնվենցիան, որն էլ իմպերատիվ կերպով պարտադրում է երկրներին կրակի դադարեցումից հետո, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով վերադարձնել ռազմագերիներին»,-ասել է նա։

Պատգամավորը ընդգծել է, որ Հայաստանը որքան մեծացնի միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, այնքան կմեծանան շանսերը, որ ռազմագերիների հարցը կկարողանանք լուծել:

Զոհրաբյանը խոսքով՝ եթե Հայաստանն իր ամբողջ ռեսուրսն օգտագործի միջազգային հանրության վրա դրական առումով ճնշում գործադրելու համար, արդյունքն ակնհայտ կլինի։

«Քանի դեռ Ադրբեջանը տեսնում է մանեվրելու, նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածներին որպես ահաբեկիչներ և դիվերսանտներ ներկայացնելու դաշտ, շարունակելու է իր գործելաոճը: Ինձ համար հասկանալի չեն այն խաղաղասիրական կոչերը, որ հնչում են իշխանական տարբեր պատգամավորների և պաշտոնյաների կողմից: Ես սա համարում եմ անարգանք անհետ կորածների, ռազմագերիների և մեր զոհված զինվորների հանդեպ: Ալիևը շարունակում է իր հակահայկական հռետորաբանությունը, իսկ այդ ընթացքում հայկական կողմից խաղաղության կոչեր են հնչում»,-ասել է Զոհրաբյանը:

Ապրիլի 8-ի երեկոյան հայտնի դարձավ, որ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։ Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու ապրիլի 8-ի ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել Պաշտպանության նախարարության վարչական տարածքը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---