ԱԳՆ․ Բաքվի հայատյաց վարքագիծը հիմք չի տալիս կառուցողականություն ակնկալելու

ԱԳՆ․ Բաքվի հայատյաց վարքագիծը հիմք չի տալիս կառուցողականություն ակնկալելու

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը հիմք չեն տալիս Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու` Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն հայկական կողմից որևէ արձագանք չի եղել:

«Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով: Այս ամենը, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։

Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին:Պարզապես մեկ պարզ դիտարկում անենք այս առնչությամբ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»,-ասել է նա։

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարություններին, թե Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է և նրա նկրտումներին Երևանի և Սևանի նկատմամբ՝ Նաղդալյանն ասել է․ «Զավեշտալի է, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական, և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, սակայն հարկ ենք համարում վերստին ընդգծել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ»:

Նա հավելել է, որ նմանօրինակ սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մի օր ադրբեջանցիները «կվերադառնան Երևան», որտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ թվում՝ իր նախնիները, բայց դա չի նշանակում, որ իրենք Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ունեն։ «Ես ասել եմ, որ կվերադառնանք։ Դա նշանակում է՝ ինչու ոչ։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործելու ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնալ Երևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես ներկայացնում եմ դիրքորոշումը»,- ասել է Ալիևը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---