11 մարտի 2009 - 13:59 AMT
Հայաստանի գլխավոր դատախազությունում մարդու իրավունքների պաշտպանի քննադատությունը համարում են ինքնահաստատման փորձ
«Ցանկացած հայտարարություն, գնահատական՝ առավել եւս մարդու իրավունքների պաշտպանի կողմից հնչեցվող, պետք է հիմնված լինի օրենսդրության եւ կոնկրետ փաստերի վրա: Սակայն, հավատարիմ մնալով որդեգրած իր աշխատաոճին, պաշտպանը, մասնավորապես, դատախազության աշխատանքների եւ գործունեության վերաբերյալ հնչեցվող իր գնահատականներում մշտապես ձեռնպահ է մնում դրանք հիմնավորող կամ նման եզրակացության հանգեցրած կոնկրետ դեպքերի մատնանշումից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտպանն ուղղակի զբաղված է անձնական քարոզչությամբ», - նշվում է Հայաստանի գլխավոր դատախազությանպաշտոնական կայքում տեղակայված հայտարարության մեջ:
Նախօրեին Երեւանում 2008 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հայտարարել էր, որ բազմաթիվ անգամ բախվել է օրենքի անհամաչափ կիրառման հետ: «Մեզ մտահոգել է քրեական-ուղղիչ հաստատություններում տիրող իրավիճակը, որտեղ քաղաքացիները ենթարկվում են բռնության եւ կտտանքների», - նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Համաձայնվելով այն բանի հետ, որ դատախազական գործառույթների իրականացման ընթացքում առկա են թերություններ, գերատեսչությունը հայտարարում է, որ դատախազության դեմ ստացված 42 դիմում-բողոքը հիմք չի տալիս պաշտպանին դատախազությանը ներկայացնել որպես ռեպրեսիվ կառույց՝ չնշելով կոնկրետ որեւէ փաստ եւ մեթոդ: «Դատախազության ղեկավարությունը բազմիցս հավաստել է իր վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու պաշտոնեական լիազորությունների չարաշահում թույլ տված յուրաքանչյուր դատախազի»: Հայտարարության մեջ նշվում է, որ գլխավոր դատախազությունը պաշտպանին հրապարակավ առաջարկել է՝ տրամադրել իրեն հայտնի ապօրինի ցուցումներ, օրենքի խախտումներ թույլ տված դատախազների անունները եւ կոնկրետ փաստեր՝ օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալու եւ ներգործության համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: «Սակայն առ այսօր որեւէ կոնկրետ փաստ, խախտում թույլ տված դատախազի անուն պաշտպանի գրասենյակը չի տրամադրել դատախազությանը», - նշվում է հայտարարության մեջ:
Գլխավոր դատախազությունում կարծում են, որ նման պահվածքը հարիր չէ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, եւ ամենեւին էլ չի խոսում պրոֆեսիոնալիզմի մասին: Հայտարարության մեջ նշվում է. «Կարծում ենք ինքնահաստատման ճանապարհը պաշտպանն արդեն վաղուց պետք է անցած լիներ»: