ԱՄՆ դեսպանը՝ Սյունիք այցի մասին․ Առաջին խնդիրն անվտանգությունն է, և ոչ միայն ԼՂ անվտանգությունը

ԱՄՆ դեսպանը՝ Սյունիք այցի մասին․ Առաջին խնդիրն անվտանգությունն է, և ոչ միայն ԼՂ անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, անդրադառնալով Արցախում 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ասել է, որ համար մեկ խնդիրն անվտանգությունն է, և դա միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չէ։ Այդ մասին դեսպանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում։

«Հենց նախորդ շաբաթ ես Սյունիքում էի: Սա իմ չորրորդ ուղևորությունն էր Սյունիք, առաջինը` պատերազմից հետո: Եվ ես, անշուշտ, տեսա հակամարտության այն հետևանքները, որոնք հասել են Սյունիքում հայերի տներ, երբ ճանապարհին մեծ թվով զինվորականների ներկայություն կա՝ հայ, ադրբեջանցի և ռուս զինծառայողների՝ սահմանի պատճառով, որ այժմ անցնում է հիմնական ճանապարհի վրայով: Ես հանդիպեցի տեղահանված անձանց հետ, ովքեր դեռ օգնության կարիք ունեն, և սա այն ոլորտն է, որտեղ Միացյալ Նահանգները շատ ներգրավված է եղել»,- ասել է նա։

Թրեյսին հավելել է, որ ԱՄՆ-ն առաջիններից էր, որ օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև ԼՂ ներսում:

«Սա շարունակական իրավիճակ է: Եվ հետո, կան տնտեսության հետ կապված հարցեր, և ես կրկին հնարավորություն ունեցա տեսնել մի շարք բիզնեսներ: Ոմանք իրականում որոշակի առումով խոստումնալից են, բայց ոմանք էլ օգնության կարիք ունեն: Եվ, ինչպես ասացի, դա շատ բարդ է։ Կարծում եմ՝ հենց այս պատճառով է, որ Հայաստանի բարեկամներից շատ ինտենսիվ ջանքեր են պահանջվելու: Եվ ես կցանկանայի նշել, որ կան նաև արևմտյան այլ երկրներ. ԵՄ-ն շատ ներգրավված է և պատրաստվում է համատեղ ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և տարածաշրջանին կայունություն և խաղաղություն հաստատելու այս երկարաժամկետ հարցերում»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Ապրիլի 18-22-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում էր` տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան և Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---