ԱԺԲ-ն` Մակրոնին. Դիտարկել ՀՀ հարավային սահմանում ֆրանսիական զորամիավորման տեղակայումը

ԱԺԲ-ն` Մակրոնին. Դիտարկել ՀՀ հարավային սահմանում ֆրանսիական զորամիավորման տեղակայումը

PanARMENIAN.Net - Ազգային-ժողովրդավարական բևեռը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հորդորելով դիտարկել ՀՀ հարավային սահմանին ֆրանսիական կամ միջազգային խաղաղապահ զորամիավորման հրատապ տեղակայման հնարավորության հարցը։

«2020 թ․ աշնանը՝ Հայաստանի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմի օրերին, Դուք հայտարարել էիք, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է լինելու։ Ցավոք, Ֆրանսիայի խաղաղ նախաձեռնությունները և առաջարկվող քաղաքական օժանդակությունը մերժվեցին Կրեմլի վերահսկողության տակ գտնվող ՀՀ իշխանության կողմից, ինչը բերեց աննախադեպ աղետ ու արհավիրք հայ ժողովրդին։ Ֆրանսիայի Սենատի պատրաստակամությունը` ճանաչել Արցախի անկախությունը և միջազգային օրենքը վերականգնելու` Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացը վերսկսելուն ուղղված Ձեր հսկայական ջանքերը, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատելու Ֆրանսիայի ԱԳՆ և ֆրանսիական հասարակության պահանջները հույս և հավատ են ներշնչում Հայոց Ցեղասպանությունից մեկ դար անց պաշտպանելու հայ ժողովրդին նոր ցեղասպանական աղետից»,-ասվում է նամակում։

Նշվում է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ծրագրով փորձ է արվում «օտարել ՀՀ-ից հարավային նահանգը, Սյունիքը՝ այսպես կոչված «Մեղրիի միջանցքով» ապահովելու համար Թուրքիայի ուղիղ ցամաքային կապը Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ, հայկական տարածքների և շահերի հաշվին։

«Այս նախագիծը միտված է վերացնելու Հայաստանի սահմանը և կապը Իրանի հետ, այսպիսով վերջնականապես մեկուսացնելով և անկենսունակ դարձնելով մեր պետությունը։ Ստեղծված իրավիճակում մենք դիմում ենք Ձեզ, օգնության և աջակցության խնդրանքով։

ՀՀ կառավարությունը լիովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից եւ անկարող է պաշտպանել ազգային շահերը։ Ուստի, հայոց պետականությունը փրկելու համար, անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ խնդրանքով՝ դիտարկել ՀՀ հարավային սահմանում Ֆրանսիական կամ միջազգային խաղաղապահ զորամիավորման հրատապ տեղակայման հնարավորության հարցը, պաշտպանելու համար հայոց պետականությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասվում է նամակում։

Նշվում է նաև, որ Ազգային-ժողովրդավարական բևեռը պատրաստ է խորը և համապարփակ համագործակցության Ֆրանսիայի կառավարության, նրա ներկայացուցիչների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ։

Ազգային ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) քաղաքական դաշինք է, բաղկացած «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունից, Հայաստանի եվրոպական կուսակցությունից, ինչպես նաև մի շարք անկուսակցական քաղաքական գործիչներից։ 2020-ի մայիսի 15-ին հանրային ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը, Արա Պապյանը, Կարո Եղնուկյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը և այլոք, հանդես եկան հայտարարությամբ՝ Ազգային-ժողովրդավարական բևեռ նախաձեռնության կայացման մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---