Հադրութցիները բողոքի ակցիա են արել ԱԳՆ-ի շենքի դիմաց

Հադրութցիները բողոքի ակցիա են արել ԱԳՆ-ի շենքի դիմաց

PanARMENIAN.Net - Հադրութի շրջանից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։

«Նամակ ենք հանձնելու ԱԳ նախարարին, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում մեզ ընդունի։ Մենք պետք է իմանանք մեր գլխի գալիքը», - ասել է հադրութցիներից մեկը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ ռուսները հայտարարում են, որ Արցախն Ադրբեջան է, Ֆրանսիան, ԱՄՆ-ն հույս են տալիս, որ բանակցությունները շարունակվում են։

«Բոլորը հետաքրքրվում են Արցախով, բացի Հայաստանի և Արցախի իշխանություններից։ Էս ազգի մեջ մի քաղաքական գործիչ չկա, որ վեր կենա ու ասի՝ Արցախը Ադրբեջան չի, պարոն ռուսներ, չի եղել ու չի լինելու։ Պետք է պաշտոնապես հայտարարեն, որ մենք էլ իմանանք, թե ինչ ենք անելու», - ասել է հադրութցին։

Նա նշել է, թե որևէ այլ տեղում, բացի Հադրութից, ապրել չեն ուզում։

«Մեզ առաջարկում են Արցախի տարբեր շրջաններում բնակություն հաստատել, մենք չենք ուզում։ Եթե մեզ տանեն ու որևէ այլ տեղում տեղավորեն, դա առիթ է լինելու, որպեսզի Հադրութը մոռացության տրվի, մենք չենք ուզում Հադրութը մոռանանք։ Այստեղ կամ Ստեփանակերտում նստելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հայրենիքը վերադարձնեն։ Ցավոք, մեր իշխանությունների կողմից արվող քայլերն անբավարար են», - ասել է տեղահանված հադրութցին:

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկղության տակ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---