Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը դուրս են գալիս ԱԺԲ խորհրդի կազմից

Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը դուրս են գալիս ԱԺԲ խորհրդի կազմից

PanARMENIAN.Net - Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) հիմնադիր անդամներ Արկադի Վարդանյանը և Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը դուրս են գալիս ԱԺԲ խորհրդի կազմից և շարունակելու են պայքարը Հայաստանի Եվրոպական կուսակցության ձևաչափով։

Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Մենք դարձանք Հայաստանում այն միակ ուժը, որի հետ գործընկերական կապեր են հաստատում հայ ժողովրդի իրական դաշնակիցները Եվրոպայում և Ամերիկայում։ Սակայն ռուսական հատուկ ծառայությունները բնականաբար դիմադրում են այսպիսի զարգացումներին, և մեզ չեզոքացնելու նրանց ջանքերն այժմ կենտրոնացել են արտահերթ ընտրությունների վրա։ Ռուսաստանի գաղութարար իշխանությունը և դրա տեղացի խամաճիկները՝ (երկրորդ նախագահ) Քոչարյանն ու (վարչապետի պաշտոնակատար) Փաշինյանը, փորձում են լռեցնել, մեկուսացնել, վարկաբեկել մեր պայքարը և մեզ։ Այս պայմաններում Ազգային-ժողովրդավարական Բևեռում առաջացան մարտավարական տարաձայնություններ՝ արժե՞ մասնակցել ընտրություններին, թե փորձե՞լ համաժողովրդական անհնազանդության ալիք բարձրացնել և կազմել ժամանակավոր կառավարություն»։

Նշվում է, որ խնդիրը բարդանում է նրանով, որ օրենսդրությունը զրկում է ԱԺԲ առաջնորդների զգալի մասին ընտրվելու հնարավորությունից։

«Այսպես՝ Ժիրայր Սեֆիլյանի համար խոչընդոտ է հանդիսանում նրան ընդամենը 3 տարի առաջ տրված քաղաքացիությունը, Արա Պապյանի համար՝ նրա երկքաղաքացիությունը, Վարուժան Ավետիսյանի համար՝ նրա հանդեպ 9 ու կես տարվա ազատազրկման սպառնալիքը։ Ստեղծված իրավիճակում, երբ շատ բարձր է ռեժիմի կողմից Բևեռը որակազրկելու և ընտրարշավից հանելու վտանգը, երբ Բևեռի կազմում տարաձայնություններ կան մարտավարության հարցով, մենք՝ Եվրոպական կուսակցության ներկայացուցիչներս, ովքեր վերջին շրջանում ձևավորում էին Ազգային-ժողովրդավարական Բևեռի ռազմավարությունն ու օրակարգը, որոշում ենք ընդունել «մատյան գնդի» դերը ստանձնելու և անհրաժեշտության դեպքում փոխարինելու մեր գործընկերներին քաղաքական Ավարայրի այս ճակատամարտում։

Մենք գնալու ենք ընտրությունների, որպեսզի հայ ժողովուրդը և մեր իրական դաշնակիցներն Արևմուտքում ունենան Հայաստանում ժողովրդավարական միջոցներով ապագաղութացումն իրականացնող քաղաքական հենարան»,-ասվում է հայտարարության մեջ։

Ազգային ժողովրդավարական բևեռ (ԱԺԲ), հայկական քաղաքական դաշինք բաղկացած «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունից, Հայաստանի եվրոպական կուսակցությունից, ինչպես նաև մի շարք անկուսակցական քաղաքական գործիչներից։Ազգային ժողովրդավարական բևեռը կազմավորվել է 2020 թվականի մայիսի 4-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---