Մարուքյան․ ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ է նախաձեռնում՝ ՀՀ քաղաքացու թիկունքում հերթական փաստաթուղթն է ստորագրվելու

Մարուքյան․ ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ է նախաձեռնում՝ ՀՀ քաղաքացու թիկունքում հերթական փաստաթուղթն է ստորագրվելու

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, հայտարարել է, որ իրենք մտադիր են ԱԺ արտահերթ նիստ գումարել։

«Մենք մշակում ենք հայտարարության տեքստ, որ ԱԺ արտահերթ նիստ գումարենք։ Եվ այդ տեքստում նշվելու է, որ ցանկացած փաստաթուղթ ստորագրվելուց առաջ պետք է վավերացվի ԱԺ-ում»,-ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ ՀՀ քաղաքացու թիկունքում հերթական փաստաթուղթն է ստորագրվելու, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ պատգամավորները, ո՛չ կառավարության անդամների մեծ մասը, ո՛չ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա։

Պատգամավորի խոսքով՝ ինքը սպասում էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասն կներկայացնի, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, «բայց նա խուսափեց, չպատասխանեց՝ ասելով, որ այդ փաստաթուղթը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից»։ Մարուքյանի դիտարկմամբ, այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի, որ պարզ դառնա՝ արդյո՞ք այն համապատասխանում է ՀՀ շահերին։

Ավելի վաղ պատգամավորն այդ հարցին անդրադարձել էր նաև ֆեյսբուքյան իր էջում։

«Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Ոչ ոք չգիտի։ Պատերազմից դասեր չքաղած իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ է և նորից ժողովրդին չի տեղեկացնում իրեն սպասող ճակատագրի մասին։ Մարդիկ անորոշության և չիմացության մեջ են. Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակիչները չգիտեն, թե ինչ կարող է վաղը իրենց հետ պատահել։

Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին և կառավարող թիմի ներկայացուցիչներին հորդորում եմ խոսել ժողովրդի հետ և մանրամասն բացատրել իրերի իրական դասավորությունն ու ընթացքը։ Չստել և ոչինչ չթաքցնել, ստվերային պայմանավորվածությունների չգնալ և ժողովրդի մեջքի հետևում վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել»,-գրել էր նա։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---