ՀԱԿ․ Ընդդիմադիր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի պարտությունն ընտրություններում

ՀԱԿ․ Ընդդիմադիր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի պարտությունն ընտրություններում

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ այժմ ընդդիմադիր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ցնցումների հրահրումը, այլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պարտությունն առաջիկա ընտրություններում:

«Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը և այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբևեռ ուժերի կողմից, հայտարարում ենք.

Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը, կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է, որքան հնարավոր է, շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։

Հետևաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ»,-ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---