Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանն ազատ է արձակվել

Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Տեղեկությունը հաստատել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սեդրակյանն արդեն 8 տարի դատապարտված էր։ Նա Հայրիկյանի սպանության փորձի գործով 2013-ի սեպտեմբերին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

2013 թվականից անազատության մեջ գտնվող Սեդրակյանի պատժի կրման ռեժիմը 2020-ի տարեվերջին փոխվել էր բացի:

Ըստ մեղադրանքի, Վարդան Սեդրակյանը, 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՝ լինելով ՀՀ նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով։

Այն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։

Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 և 12 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել նաև, համապատասխանաբար Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---