Կարեն Կարապետյան. Քոչարյանը կարող է երկիրը հանել ստեղծված վիճակից

Կարեն Կարապետյան. Քոչարյանը կարող է երկիրը հանել ստեղծված վիճակից

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել` աջակցություն հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և նշելով, որ վերջինս կարող է երկիրը հանել ստեղծված իրավիճակից։

Կարապետյանը նշել է, որ ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար, քանի որ պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելը հրատապ է, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Պետք է փաստել, որ բանակի մարտունակությունն էապես նվազել է, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը, ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա։ Ավելին, առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային։

Ունենք նաև սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ և բազմաթիվ այլ խնդիրներ:

Պետք է`

արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը,

մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն և հանգստություն,

արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ,

իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար,

վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը,

վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի»,-ասվում է հայտարարության մեջ:

Կարապետյանը կարծում է, որ մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի, իսկ շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։ Նրա խոսքով` անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով:

«Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։ Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։

Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։

Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետ պետություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Նախկին վարչապետն առաջարկում է անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---