Արցախի ԱԳՆ. Շահումյանի շրջանի և մյուս գրավված տարածքների դեօկուպացիան ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչն է

Արցախի ԱԳՆ. Շահումյանի շրջանի և մյուս գրավված տարածքների դեօկուպացիան ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչն է

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Շահումյանի շրջանի և Արցախի մյուս գրավված տարածքների դեօկուպացիան ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչն է:

Նշվում է, որ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման արդյունքում 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։

«Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակը կատարեց ռազմական և մարդկայնության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ գրավված բնակավայրերը լքել ցանկացող մարդկանց կանխամտածված գնդակահարություններ, արտադատարանային հաշվեհարդարներ գերիների և պատանդների նկատմամբ, խոչընդոտում խաղաղ բնակիչների տարահանմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծում ծանր զինտեխնիկայից։

Շահումյանի շրջանի օկուպացիայի և դրան հաջորդած էթնիկ զտումների արդյունքում կողոպտվեցին, քանդվեցին ու կրակի մատնվեցին շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր, ավելի քան 20,000 մարդ ստիպված եղավ լքել իր տունը՝ դառնալով ներքին տեղահանված անձ և փախստական, մի քանի հարյուր հոգի դաժանաբար սպանվեց կամ անհետ կորավ։ Ադրբեջանական զինված ուժերի հետագա հարձակումը Մարտակերտի շրջանի վրա հանգեցրեց Արցախի գրեթե կեսի օկուպացիային և հանրապետությունը կանգնեցրեց մարդասիրական աղետի եզրին։ Սակայն, անսասան ոգու և կամքի ուժի, հաստատակամության և անձնուրաց պայքարի շնորհիվ Արցախի ժողովուրդը, համայն հայության աջակցությամբ, կարողացավ խափանել Արցախի և նրա բնակչության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի ծրագրերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական ռազմական մասնակցությամբ, կրկին փորձեց իրականացնել իր հանցավոր և մարդատյաց ծրագրերն ու անել այն, ինչը նրան չէր հաջողվել 1991-1994 թվականներին: Նոր զինված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը և նրան աջակցող ուժերն էլ ավելի մեծ մասշտաբով ու ավելի համակարգված կերպով կատարեցին ռազմական և մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ: Նոր պատերազմը հանգեցրեց մարդկային ավելի մեծ տառապանքների, փախստականների և ներքին տեղահանվածների նոր ալիքի և Արցախի Հանրապետության մեծ մասի բռնազավթման:

«Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն: Շահումյանի շրջանի, ինչպես նաև 1991-1994, 2016 և 2020 թվականներին գրավված Արցախի մյուս տարածքների դեօկուպացիան, արցախահայության կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ մեկտեղ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման առանցքային բաղադրիչն է: Արցախի տարածքների շարունակվող ապօրինի օկուպացիան Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների մշտական աղբյուր է»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---