ԱԳՆ. Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի ստորագրած փաստաթուղթը թիրախավորում է հայ ժողովրդին

ԱԳՆ. Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի ստորագրած փաստաթուղթը թիրախավորում է հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն դատապարտելի և սադրիչ է համարում Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված ելույթը։

ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք, և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։

«Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ամբողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև,մ որ վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Այս պարագայում արժանի է հիշատակման այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին՝ առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն

«Հատկանշական է, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿ համընդհանուր և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք։

Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ձեռքբերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով Շուշիի հռչակագիրը, պայմանավորվել են, ՄԱԿ կանոնադրության հիման վրա, փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքների դեպքում։Ավելի ուշ Էրդողանը նաև հնարավոր է համարել ռազմակայանի բացումն Ադրբեջանում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---