Վանեցյան․ Միասին շրջենք ամբարտավան, դատարկ անկարողների էջը և ընտրենք պրոֆեսիոնալիզմը

Վանեցյան․ Միասին շրջենք ամբարտավան, դատարկ անկարողների էջը և ընտրենք պրոֆեսիոնալիզմը

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով միասին շրջել ամբարտավան, դատարկ անկարողների էջը և ընտրել պրոֆեսիոնալիզմը, համեստությունը և աշխատասիրությունը։

«Եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից, եկեք ընտրենք հաղթանակները։ Եկեք մերժենք սուտը ու ապրենք մարդավայել՝ իրար հարգելով»,- ասել է նա:

Վանեցյանը հորդորել է մի պահ հանգիստ հասկանալ՝ ո՞նց ենք դուրս գալու այս ավերակներից։

«Հայաստանցիներ՝ դուք չեք հոգնե՞լ աղմուկ աղաղակներից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայ-հրոցից։ Դուք չեք զզվե՞լ։ Եկեք լռեցնենք գժվացնող աղմուկը ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելն ու հանգիստ մեր շահերն առաջ տանելը։ Եկեք լավ ապրելու մասին հեքիաթները տանք հեքիաթասացի գլխին ու խելքով իրական, լավ կյանք ստեղծենք բոլորի համար»։

Դուք չեք սարսափո՞ւմ անպաշտպան լինելու մշտական զգացումից, ո՞նց ենք մեր զավակներին մեծացնելու, մեր ծնողների հանգիստն ապահովելու այս անտերության մեջ, թշնամու հետ միջանցիկ սահմանների ու մայրքաղաքի կենտրոնում զինված ռազբորկաների պայմաններում։

Եկեք իրենց աթոռներից դուրս շպրտենք մեր անվտանգությունը քարուքանդ արածներին ու նորից մեր երկիրը դարձնենք աշխարհի ամենաապահովներից մեկը։

Եկեք ռադ անենք մեր բանակի ողնաշարը իրենց բթամիտ կապիկություններով ջարդողներին ու կրկին դարձնենք մեր սահմանները անառիկ, իսկ հայրենիքի պաշտպանին՝ հպարտ ու բաց ճակատ։ Եկեք երեք տարում ծերացած, կռացած, արցունքն աչքերին ու վերքերից արնահոսող մեր տունը, մեր հայրենիքը փրկենք։ Նա մեզ երբեք առիթ չի տվել իր հետ այսպես վարվելու։ Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը սա է, մեր տունը միայն սա է։ Եկեք վերադարձնենք մեր ժպտացնող, ջերմացնող, երիտասարդ Հայաստանը, մեր սերը, մեր օջախը, մեր պատիվը»,-ասվում է Վանեցյանի ուղերձում։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---