Հարությունյան․ Հուսով եմ՝ արտահերթի արդյունքները հնարավորություն կտան ՀՀ-ին աշխատել Արցախի ճանաչման ուղղությամբ

Հարությունյան․ Հուսով եմ՝ արտահերթի արդյունքները հնարավորություն կտան ՀՀ-ին աշխատել Արցախի ճանաչման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով ընտրությունների նախնական արդյունքները, հաջողություններ է մաղթել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած թիմին՝ ընտրողների մեծամասնության կողմից ստացած վստահության իրացման ճանապարհին: Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում։

Նա հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան ՀՀ-ին արդյունավետ աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:

Հարությունյանը նշել է, որ ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո ՀՀ ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին:

Հուսով եմ՝ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը, վերականգնել հանրային համերաշխությունը համազգային հիմնախնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև հետևողական ու արդյունավետ աշխատանք տանել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Հաջողություն եմ մաղթում նաև ժողովրդի որոշակի վստահության արժանացած մյուս քաղաքական ուժերին: Համոզված եմ՝ ստացած յուրաքանչյուր քվե պետք է ծառայեցվի համազգային շահերին ու իղձերին՝ կայուն, կառուցողական ու հարգալից քաղաքական միջավայրում: Պատերազմի հետևանքներն ու առկա մարտահրավերները մեզ այլ ուղի չեն թողնում, քան դեմ հանդիման կանգնել դրանց և միասնական ջանքերով Արցախի և Հայաստանի Հանրապետությունները դարձնել ավելի անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք մեր ժողովրդի համար՝ հանուն մեր գալիք սերունդների ու Հայոց Հայրենիքի հարատևման»,-ասվում է Արցախի նախագահի ուղերձում:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---