Օպերայի ստորգետնյա կայանատեղին արդիականացվել է՝ ինքնասպասարկման տերմինալներ կգործեն

Օպերայի ստորգետնյա կայանատեղին արդիականացվել է՝ ինքնասպասարկման տերմինալներ կգործեն

PanARMENIAN.Net - Մոտ 500 ավտոմեքենայի կայանման համար նախատեսված Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին ամբողջությամբ արդիականացվել է: Ներդրվել են մուտքի և ելքի ինքնաշխատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր:

Վարորդներն այսուհետ կայանելու համար պետք է վճարեն ինքնասպասարկման տերմինալներով: Ավտոկայանատեղիի երեք հարկում տեղադրված վեց տերմինալը վճարային տարբեր եղանակների հնարավորություն ունեն:

«Համակարգն այնպես է մշակված, որ այլևս այլ մարդկանց հետ շփում չկա: Գալիս ես ավտոմատ կերպով համակարգը գրանցում է պետհամարանիշը, այդ պահից սկսած հաշվարկվում է ժամանակը, ըստ որի, կուտակվում է գումարը և դուրս գալիս, օգտվելով արդեն այս տերմինալից, նախօրոք վճարում ես, և դուրս գալու հերթ չի առաջանում»,- ընդգծել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն ասել է, որ կարող են վճարումը կատարել ինչպես կանխիկ (մանրադրամն է վերադարձվում), այնպես էլ բանկային քարտով, նաև՝ NFC համակարգով՝ բջջային հեռախոսով։

«Այս պահին գումարները հոսում են միայն բյուջե: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ այս ավտոկայանատեղին համայնքային սեփականություն է և օգտվողների գումարները ծառայելու են համայնքին»,- նշել է քաղաքապետը:

Համայնքային կայանատեղիում գործում են տարբեր սակագներ, նաև ամսական բաժանորդագրության հնարավորություն կա:

«Առավոտյան 9-ից մինչև 24:00-ն մեկ ժամի արժեքը 200 դրամ է, 24:00-ից մինչև առավոտյան 9:00-ը՝ 100 դրամ, սակայն եթե ամբողջ գիշեր է մեքենան կայանում, ապա՝ 500 դրամ: Գոյություն ունի նաև ամսական բաժանորդագրություն, որի արժեքը 20 հազար դրամ է: Ի դեպ, եթե համեմատականով նայենք, ապա կենտրոնի այլ ստորգետնյա ավտոկայանատեղիների համեմատ շատ ավելի մատչելի է»,- ասել է սպասարկող ընկերության աշխատակից Սարգիս Աբրահամյանը:

Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղիում նաև էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել:

Կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրով։

Շահագործման 10 տարիները և առկա տեխնոլոգիաները տարբեր խնդիրներ էին առաջացրել աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսակետից: Սարքավորումները մաշվել էին, պակասում էր թափանցիկությունն ու վերահսկելիությունը, կայանման համար վճարումն էլ կատարվում էր միայն կանխիկ եղանակով:

Նոր համակարգի ներդրման համար ուսումնասիրվել են առկա խնդիրները, միջազգային փորձն ու արդի տեխնոլոգիական հնարավորությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---