ՀԱՊԿ-ի պատասխանը․ Իրավիճակի սրումը ՀՀ հարավում դիտարկվում է որպես «սահմանային միջադեպ»

ՀԱՊԿ-ի պատասխանը․ Իրավիճակի սրումը ՀՀ հարավում դիտարկվում է որպես  «սահմանային միջադեպ»

PanARMENIAN.Net - Իրավիճակի սրումը ՀՀ հարավում «սահմանային միջադեպ է» և չի բխում ՀԱՊԿ կանոնադրության հավաքական պաշտպանության մասին դրույթներից։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործի է դրվում միայն ագրեսիայի, անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում։ Իսկ այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր այնտեղ չկան, կրակոցներ չկան։ Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասել է Զասը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, միջադեպի սրում չի նկատվում։

«Չենք կարող ասել, թե իրավիճակն այնտեղ ինչ-որ կերպ սրվում է։ Չի սրվում՝ արդեն լավ է, սա արդեն արդյունք է։ Առջևում շատ աշխատանք կա հենց սահմանի հարցով, բոլոր վիճահարույց խնդիրների հանգուցալուծման, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրել է, որ մայիսին ՀՀ դիմումից հետո կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում իրավիճակի վերաբերյալ։

«Այդպիսի խորհրդակցություններ են անցկացվել ՊՆ ղեկավարների, ԱԽ քարտուղարների մակարդակով, ես շփվել եմ ՀՀ ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ։ Քննարկել ենք այդ իրավիճակը։ Բացի այդ, ունեցել ենք իրավիճակի ընդհանուր քննարկում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում Դուշանբեում»,-ասել է նա։

Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ը մշտադիտարկում է իրավիճակը ՀՀ հարավում։

«Մշտադիտարկման խմբի մասին որոշում չի կայացվել, թեև, անշուշտ, հետևում ենք իրավիճակին»,-ասել է նա։

Զասը հավելել է, որ կազմակերպությունն անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում բազում աղբյուրներից, այդ թվում հայկական կողմից և ռուս խաղաղապահներից։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---