Դատախազը ներկայացրել է Չարչյանի գործով նիստը հետաձգելու իր առաջարկի պատճառները

Դատախազը ներկայացրել է Չարչյանի գործով նիստը հետաձգելու իր առաջարկի պատճառները

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշումը։

Քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով հուլիսի 2-ի վերաքննիչ դատական նիստից հետո գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հասցեին թույլ են տվել էթիկայի և բարոյականության սահմաններն անցնող, իրավաբանին անհարիր որակումներ՝ միաժամանակ ամբողջությամբ խեղաթյուրելով և բացառապես սեփական շահերի դիտանկյունից մատուցելով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման պատճառները, ասվում է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

«Նախ՝ դատախազի կողմից դատական նիստը հետաձգելու անհրաժեշտությունը չի պատճառաբանվել աշխատանքային օրվա ավարտով: Դատարանը, ի սկզբանե հայտարարել էր, որ նիստը շարունակվելու է աշխատանքային օրվա ավարտից մի փոքր ավելի՝ վկայակոչելով Վերաքննիչ դատարանում ձևավորված՝ նիստերն աշխատանքային օրվա սահմաններում անցկացնելու պրակտիկան, ինչին դատախազը չի առարկել: Սակայն երբ դատական նիստի ընթացքից դատախազի համար ակնհայտ է դարձել, որ, հաշվի առնելով իր խոսքի, ելույթի ծավալնելը, նիստը կարճ ժամանակում ավարտելու դեպքում հնարավորություն չի ունենալու իր հիմնավորումները ամբողջ ծավալով ներկայացնել, դատարանին առաջարկվել է հետաձգել նիստը:

Ընդ որում՝ դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրել է նիստը հետաձգելու իր առաջարկի պատճառները, որոնց հաշվառմամբ էլ դատարանը կայացրել է նման որոշում: Այդ ամենն արձանագրված է նիստի ձայնագրառմամբ՝ անկախ իրողությունները խեղաթյուրելու և դատավարական հակառակորդին վիրավորելը սեփական փաստարկների սնանկությունը ծածկելու միջոց դարձնելու պաշտպանների անհույս փորձերից:

Իրենց խոսքում պաշտպաններն անընդհատ շահարկման առարկա են դարձնում իրենց պաշտպանյալի առողջական վիճակը՝ փորձելով հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե այն կախված է կալանքի վերաբերյալ որոշումից և անհիմն կերպով այդ ամենը մատուցելով որպես հակահումանիստական մոտեցում դատախազության կողմից»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ պաշտպաններն ամեն կերպ միտումնավոր կերպով փորձում են անտեսել այն հանգամանքը, որ Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու պահից սկսած՝ առ այսօր վերջինս քրեակատարողական հիմնարկ չի մտել, գտնվում է իր նախընտրած բժշկական հաստատությունում, իր նախընտրած բժշկի հսկողության ներքո, և որ դատախազի կողմից որևէ քայլ առ այսօր չի արվել նրա բուժօգնության տրամադրությումը որևէ կերպ խոչընդոտելու ուղղությամբ:

Նշվում է նաև, որ պաշտպանները համառորեն փորձում են պատրանք ստեղծել, թե Չարչյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման կայացման փաստով, մինչդեռ իրենք են նշել, որ առողջության վատթարացումը տեղի է ունեցել այդ որոշումը կայացվելուց առաջ:

«Ինչ վերաբերում է այն անհեթեթ պնդումներին, թե դատական նիստի հետաձգմամբ դատախազը փորձ է արել ժամանակ ձգձգել և այդ վարքագիծը պատժիչ բնույթ է կրում, ապա ընդամենը մնում է հորդորել պաշտպաններին ավելի չանլրջացնել սեփական պնդումները և չմերկացնել դրանց մերկապարանոց լինելու հանգամանքը:

Ուղղակի հորդորում ենք պաշտպանության կողմին դադարեցնել փաստերի աղավաղման, դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու այս ամոթալի դրսևորումները և մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում»,- ասվում է պարզաբանման մեջ:

Պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։

Չարչյանը մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---