ԱԽ քարտուղարը՝ Զասին․ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ

ԱԽ քարտուղարը՝ Զասին․ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել վերջինիս հուլիսի 3-ի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանի որ արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը:

Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Զրույցի ավարտին Գրիգորյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց։

Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Գրիգորյանին հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ:

Հուլիսի 3-ին Զասը հայտարարել էր, որ իրավիճակի սրումը ՀՀ հարավում «սահմանային միջադեպ է» և չի բխում ՀԱՊԿ կանոնադրության հավաքական պաշտպանության մասին դրույթներից։ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործի է դրվում միայն ագրեսիայի, անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում։ Իսկ այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր այնտեղ չկան, կրակոցներ չկան։ Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասել էր Զասը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---