Գրիգորյան․ Առաջնահերթություն է գերիների առանց նախապայմանների վերադարձը

Գրիգորյան․ Առաջնահերթություն է գերիների առանց նախապայմանների վերադարձը

PanARMENIAN.Net - Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, ամփոփելով Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ ունեցած աշխատանքային հանդիպումների արդյունքները, ասել է, որ որպես առաջնահերթ գերակայություն կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով, առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ:

Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է ԼՂՀ-ի հիմնահարցի կարգավորմանը՝ բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, տեղեկացնում է Panorama.am-ը:

Գրիգորյանը հավելել է, որ հանձնակատարի հետ քննարկել են Արցախի դեմ իրականացված ծանրագույն ռազմական ագրեսիայի և հետպատերազմյան իրավիճակի մեղմանն ուղղված հետագա գործողությունները:

Գրիգորյանի ներկայացմամբ՝ չնայած Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին, երկիրը «հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին, որի հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում ԵՄ-ն եղել է և մնում է Հայաստանի առանցքայի գործընկերներից մեկը»։ Գրիգորյանը նաև անդրադարձել է համապարփակ և ընդլայնված գոծընկերության համաձայանգրի վավերացման գործընթացի ավարտին ու համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու փաստին:

Նա հայտնել է, որ իր նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքում, համաձայնագրի կիրարկմանն ուղղված ամբողջական հաստատված ճանապարհային քարտեզը բաղկացած է 300-ից ավելի միջոցառումից՝ շեշտելով, որ այն բարեփոխումների օրակարգի կարևորագույն հիմնասյուներից մեկն է, որը վերաբերում է բոլոր ոլորտներին:

Նա տեղեկացրել է, որ քննարկումների ընթացքում անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ համագործակցությանը:

Նկատելով, որ Արևելյան գործընկերությունը թևակոխում է նոր՝ 5-ամյա փուլ, որի շրջանակներում պլանավորված է մեծածավալ ծրագրեր՝ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին տարատեսան ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 1.6 մլրդ եվրո աջակցության հանձնառության համար:

Նա տեղեկացրել է, որ աջակցությունն ուղղվելու է ՀՀ կառավարության և ԵՄ-ի սահմանած 5 առաջնահերթ նախաձեռնություններին՝ փոքր և միջին ձեռնարկություններին աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածների կառուցմանը, հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ ամփոփվել են 2021-27 թվականների ՀՀ-ԵՄ երկկողմ ծրագրերի շրջանակը:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին Երևանում է տարածաշրջանային այցի շրջանակներում։ Երկօրյա այցի նպատակն է վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը և կանխատեսելիությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը