Փաշինյան․ Oրակարգում հարցերի հարցը մնում է Արցախի կարգավիճակի ճշգրտումը

Փաշինյան․ Oրակարգում հարցերի հարցը մնում է Արցախի կարգավիճակի ճշգրտումը

PanARMENIAN.Net - Oրակարգում հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը: Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն էր:

«Եվ պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 10-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ էության, արձանագրելով այդ օրակարգը, որպես աշխատանքային օրակարգ: Եվ մենք, պետք է այստեղ նույնպես մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննության անհրաժեշտության մասին, և կարևորել, որ կարողանան ձևակերպել այնպիսի ֆորմատ ու այնպես կազմակերպել աշխատանքը, որ այդ աշխատանքը լինի վստահելի, որովհետև շատ կարևոր հարցերի պատասխաններ պետք է ձևակերպվեն:

«Բայց նաև կարևոր եմ համարում արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո մենք միասին բավականին լուրջ ջանքեր ենք գործադրել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար: Այս ընթացքում երևի տասնյակ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, մի մասը լուսաբանվել է, մյուս մասը չի լուսաբանվել: Եվ ես, անկեղծ ասած, շատ գոհ եմ մեր գործակցության մակարդակից, այն որոշումները, որ մինչև հիմա իրագործվել են, կարծում եմ՝ բավականին արդյունավետ են:

Հույս ունեմ՝ Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ որոշումների արդյունավետությունը, բայց, իհարկե, առաջիկայում ռազմավարական ծրագրեր կան քննարկելու, ես նկատի ունեմ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում»,-ասել է նա:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հաջողություն մաղթել ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստանալու և ապագայում ՀՀ կառավարության ղեկը շարունակելու առումով:

«Այն ծրագրերը, որ քննարկել ենք, բերելու են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ուզում եմ միանշանակ արձանագրել այն, որ այսօր սոցիալ-տնտեսական առումով խնդիրները կարգավորվում են և սոցիալական այն ծրագրերը, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը, միանշանակ Արցախը հանել է շոկային վիճակից: Այսօր սոցիալական քաղաքականությունը թույլ է տալիս վստահ հայտարարել, որ չկա ընտանիք, որը չի եղել ուշադրության կենտրոնում, և միանշանակ այդ ամենը միայն ու միայն Հայաստանի կառավարության կողմից հատկացված գումարների շնորհիվ: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներն արդեն իսկ սկսել են ուղղվել բնակարանաշինությանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այսօր Արցախը մի մեծ շինհարթակ է:

Ծրագրերը պետք է շարունակել և առաջին հերթին՝ բնակարանաշինությունը, որը մեր գլխավոր խնդիրն է: Այսօր Արցախում բնակարանների խնդիրն այնքան խիստ է, որ օրը մեկ բնակարան կառուցելն էլ քիչ է: Մեր ծրագրերն իրականացնելու համար պետք է հասնենք նրան, որ առնվազն օրը մինչև 4-5 բնակարան կառուցենք: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է:

«Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել: Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի անկախության ճանապարհը քննարկման ենթակա չէ, վկայում է այն մասին, որ պետք է շարունակենք մեր պայքարը: Իսկ անվտանգության առումով, ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է: Իրականում բարդ է աշխարհագրությունը, բայց, բարեբախտաբար, որևէ լուրջ մտահոգող խնդիր չի եղել»,- ասել է ԱՀ նախագահը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---