Փաստաբան․ Զաքարյանն ինքնակամ է եկել ոստիկանություն, բայց պառկեցրել են գետնին՝ նկարահանել

Փաստաբան․ Զաքարյանն ինքնակամ է եկել ոստիկանություն, բայց պառկեցրել են գետնին՝ նկարահանել

PanARMENIAN.Net - Մեղրիի արդեն նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածության համաձայն Զաքարյանի հետ գնացել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, մտել ներս և հայտնել, որ ինքնակամ ներկայացել են։

«Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։

Համառ ջանքերից հետո փաստաբաններին ևս ներս են թողել և հետագա գործողությունների ընթացքում պարզվել է, որ 2 օր է ոստիկանության աշխատակիցներն ակնհայտ անօրիանական գործողություններով և կեղծիքներով հիմքեր են նախապարաստել Մ․Զաքարյանին ձերբակալելու համար, ոպեսզի իրականացանեն այս խայտառակ մասկի-շոուն»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։

Ձերբակալման հիմքն այն «ակնհայտ կեղծ տեղեկություններ են, թե իբրև ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմաթիվ այցեր են կատարել» Զաքարյանի տուն, սակայն դռները փակ լինելու պատճառով չեն կարողացել քննիչի մոտ ներկայանալու ծանուցագիր հանձնել։

«Իրականում ոստիկաները տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամը հատուկ տանը սպասում է, որպեսզի հանձնեն ծանուցագիրը, խնդրել ենք՝ այդպիսին լինելու դեպքում այն հանձնել կամ տեղեկացնել դրա մասին։ Դիտավորյալ չեն հանձնել և չեն տեղեկացրել։

Պնդում եմ, որ այդ ծանուցագիրը հանձնելու անհնարինության մասին տեղեկություններն ակնհայտ կեղծ են, որոնց վերաբերյալ ունեմ անհերքելի ապացույցներ։ Ստի և կեղծիքի թագավորություն․․․»,-ասվում է գրառման մեջ։

Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մխիթար Զաքարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ անպայման օգտվելու է ԱԺ մանդատը վերցնելու իր իրավունքից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---