Միշել․ Կարևոր է, որ երկու կողմն էլ «նահանջեն վիճելի տարածքներից»

Միշել․ Կարևոր է, որ երկու կողմն էլ «նահանջեն վիճելի տարածքներից»

PanARMENIAN.Net - Ամփոփելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, հայտարարել է` կարևոր է, որ երկու կողմն էլ «նահանջեն վիճելի տարածքներից»։

Նա ընդգծել է` կա 4 թեմա, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով այս տարածաշրջանում բարօրություն և կայունություն հաստատելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ առաջին կետը չափավոր հռետորաբանությունն է, անհրաժեշտ է փորձել խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։

«Երկրորդ կետը սահմանազատումն է. Եվրամիությունը հույս ունի, որ հնարավոր կլինի այս հարցում խաղաղ բանակցություններ սկսել։ Կարևոր է, որ երկու կողմն էլ նահանջեն վիճելի տարածքներից, որ հնարավոր լինի քննարկումներ իրականացնել։ Երրորդ կետը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ բանակցություններին, իսկ չորրորդը՝ խաղաղության շուրջ բանակցությունն է»,- ասել է Միշելը։

Նա տեղեկացրել է, որ հուլիսի 18-ին մեկնում է Ադրբեջան, իսկ 19-ին՝ արդեն Վրաստանում կլինի՝ նաև այդ երկրների ղեկավարների հետ բանակցություններ անցկացնելու։ Նպատակներից է դեկտեմբերին անցկացվելիք Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովի նախապատրաստումը։

«Բոլորս ազդված ենք այդ պատերազմի հետևանքից, որը հարվածել է Հայաստանին։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կատարված աշխատանքներին»,- նշել է Միշելը։

Երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Միշելը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Միշելը Երևան է ժամանել հուլիսի 16-ին։ ՀՅԴ երիտասարդները հյուրանոցի մոտ, ուր պետք է օթևաներ Միշելը, բողոքի ակցիա էին իրականացրել՝ ընդդեմ ԵՄ ներկայացուցչի Հայաստան այցի։ Նրանք անգլերենով վանկարկում էին «Ամոթ ձեզ»։

«Դուք լուռ էինք, երբ պատերազմի ընթացքում մեր դեմ կիրառում էին ֆոսֆորային զենքեր։ Դուք լուռ էիք, երբ պատերազմի ընթացքում զոհվում էին անմեղ քաղաքացիներ։ Դուք նաև հիմա եք լռում, երբ ՀՀ իշխանությունը բանտարկում է նրանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն»,–ասում էին բողոքի ակցիայի մասնակիցները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---