Փաշինյան․ Ադրբեջանի քայլերը նորանոր սպառնալիքներ են ստեղծում ՀՀ և Արցախի համար

Փաշինյան․ Ադրբեջանի քայլերը նորանոր սպառնալիքներ են ստեղծում ՀՀ և Արցախի համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, գործադիրի նիստում անդրադառնալով սահմանային լարվածությանը, ասել է, որ Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման և Արցախում ռուսական խաղաղապահների ներկայության անկյունքարային նշանակությունը։

Նա նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 10-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով:

Փաշինյանն ասել է, որ Հայաստանն առաջնային է համարում կումունիկացիաների բացման հարցը ու պատրաստ է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:

«Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը։

Հայաստանը վերահաստատում է Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման և ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման միջոցով ճգնաժամի լուծման առաջարկը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահամանգծման ուղղությամբ աշխատանքների համար:

Նա վերահաստատել է նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու հայկական կողմի նախկինում արտահայտած պատրաստակամությունը:

«Հայաստանի կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և, ընդհանրապես, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հայ ժողովրդից ստացած մանդատը», – ասել է նա։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---