ՌԴ-ում դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել

ՌԴ-ում դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել

PanARMENIAN.Net - 2018-ին Մոսկվայում դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել։

Փորձագետները սպանվածի մոտ սեռական հակվածության շեղում են արձանագրել՝ մանկապղծության տիպով, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված բռնության և խոշտանգման քրգործի շրջանակում կատարվել է 2 հոգեբուժական և 1 լեզվաբանական փորձաքննություն։ Արդյունքները հաստատել են, որ տղամարդը մանիպուլացիայի է ենթարկել շրջապատի անձանց սպառնալիքների և բռնության միջոցով, և որ նրա դուստրերը լիակատար նյութական և բարոյական կախվածության մեջ են եղել հորից։

Փորձաքննության շրջանակում հարցաքննվել են Խաչատուրյանի հարևանները, հարազատները, բուժհաստատության աշխատակիցները, որտեղ նա բուժվել է, նրա դուստրերի ընկերները, մոտակա խանութների աշխատակիցները, նաև ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը։ Պարզվել է, որ Միխայիլ Խաչատուրյանը ֆիզիկական և սեռական բռնություն է կիրառել։

Փորձագետները եկել են եզրակացության, որ Խաչատուրյանի դուստրերը մշտական սթրեսի մեջ են եղել, լիակատար կախվածություն են ունեցել հորից, հարազատները նրանց չեն սատարել և աղջիկները վախեցել են սեփական և քույրերի կյանքի համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատուրյան քույրերին պաշտոնապես տուժած են ճանաչել նրանց հոր կողմից բռնության գործով։

Խաչատուրյան քույրերը սպանել են հորը 2018-ի հուլիսի 27-ին։ Քննությունը պարզել է, որ հայրը նաև սեռական բռնության է ենթարկել դուստրերին։ ՌԴ Գլխավոր դատախազությունը պահանջում էր վերաորակավորել մեղադրանքը անհրաժեշտ ինքնապաշտպանության, սակայն հետո հաստատել էր մեղադրական եզրակացությունը սպանության գործով։

 Ուշագրավ
Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է hրամանագիրը
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը