Լաքոթ․ ԼՂ հարցը բաց է, պատերազմը լուծում չբերեց, պետք է բանակցել

Լաքոթ․ ԼՂ հարցը բաց է, պատերազմը լուծում չբերեց, պետք է բանակցել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, «Հետքին» տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից ամիսներ անց Ղարաբաղի հարցը բաց է, պատերազմը որևէ լուծում չբերեց, պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղում ապրող հայերի համար գոյաբանական սպառնալիք կա։

Նա նշել է, որ առաջնահերթությունը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսումն է՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո։

«Նոյեմբերի 10-ի հայտարարությունը մեծ առաջընթաց է, քանի որ հրադադարի հնարավորություն է ընձեռել, սակայն կարգավիճակի հարցը բաց է։ Ֆրանսիայի առաջնահերթությունն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի հնարավոր լինի վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինսկի խմբի դերակատարումն այսօր ավելի կարևոր է, քան անցյալում էր։ Մեր առաքելությունը Ղարաբաղի բնակչության պաշտպանությունն է»,-ասել է Լաքոթը։

Նա հավելել է, որ միայն Մինսկի խումբը մանդատ ունի Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու։ «Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այդտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից բացի ոչ մի այլ միջազգային կազմակերպություն ներկայացված չէ։ Միայն Լաչինի միջանցքն է հնարավորություն տալիս կապ հաստատել Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Այդ տարածքում մենք ունենք շրջափակման մեջ գտնվող բնակչություն։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը»,-ասել է նա։

Լաքոթը նշել է նաև, որ համանախագահ պետությունները մի քանի անգամ առիթ ունեցել են նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո այդ մասին խոսելու՝ ընդգծելով, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակով, այլև այդ հայտարարությանը հետևած մի շարք իրադարձություններով։

Ըստ Լաքոթի՝ որոշ հարցերի շուրջ փակուղում ենք՝ գերիների հարցում, հաղորդակցության ուղիների հարցում, ոչ մի քննարկում, բանակցություն չի ընթանում Ղարաբաղի հարցով։

«Տեսնում ենք, որ այս ստատուս-քվոն վտանգավոր է։ Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո այլ խնդիրների ենք բախվել, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Առաջնահերթությունը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսումն է Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հակամարտող կողմերն իրենք պետք է որոշեն այն առաջնահերթ հարցերը, որ իրենք կքննարկեն»,-ասել է Լաքոթը։

Ժոնաթան Լաքոթը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում Ժոնաթան Լաքոթին կփոխարինի Անն Լույոն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---