«Ժառանգությունը» վերջին շանսն է տալիս ՀԱԿ-ին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում որոշվել է եւս մեկ հնարավորությունն ընձեռել Հայ ազգային կոնգրեսին` քննարկելու համար Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու տարբերակը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:



«Ժոռանգության» առաջարկած նոր ցուցակը գլխավորում է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, նրան հաջորդում է ՀԱԿ-ի առաջատար ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երրորդ տեղում «Ժառանգություն» խմբակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է, իսկ չորրորդ տեղում` Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որը ՀԱԿ-ի ցուցակում երկրորդն է:



Հ.Խուրշուդյանը նշել է, որ նրանց առաջարկի մեջ կա մի կարեւոր կետ` «Ժառանգությունը» չի հավակնում ցուցակի մյուս հորիզոնականներին: «Մենք զիջում ենք ՀԱԿ-ին ավագանու թեկնածուների տեղերը: «ՀԱԿ-ը կարող է ինքը տեղաբաշխել ու նշանակել այն թեկնածուներին, որոնց հարկ է համարում»,-հայտարարել է նա:



Այն հարցին, պատրաստ է արդյոք «Ժառանգության» առանձին ցուցակը այն դեպքի համար, եթե ՀԱԿ-ը չընդունի նրանց պայմանները, մամլո քարտուղարը նշել է, որ իրենք սպասում են ՀԱԿ-ի պատասխանին մինչեւ մարտի 21-ի 18:00-ն, որից հետո, ՀԱԿ-ի մերժման դեպքում, կուսակցությունը կսկսի քննարկել սեփական ցուցակի տարբերակները:
 Ուշագրավ
---