Պարգևավճարների գումարով քաղաքապետարանը վերելակներ կտեղադրի. Թույլ կտան սայլակներով տեղաշարժվել

Պարգևավճարների գումարով քաղաքապետարանը վերելակներ կտեղադրի. Թույլ կտան սայլակներով տեղաշարժվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը պարգևավճարների մասով խնայած գումարներով բարձրահարկ շենքերում կտեղադրի վերելակներ, որոնք հնարավորություն կտան սայլակներով տեղաշարժվել։ Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Երևանի բազմահարկերում տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Նոր վերելակներ են տեղադրվում առաջին հերթին այն շենքերում, որտեղ Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողներ են ապրում։ Ծրագրի նպատակն էորոշակիորեն թեթևացնել նրանց հոգսը։

«Շատ կոնկրետ ծրագրի վրա են ծախսվելու այն գումարները, որոնք խնայվել են պարգևավճարների մասով: Երևանի քաղաքապետարանն իր աշխատակիցների խնայած գումարներով հասցե առ հասցե բոլոր բարձրահարկ շենքերում կտեղադրի վերելակներ, որոնք հնարավորություն կտան սայլակներով տեղաշարժվել, կկահավորենք մուտքերը, մի խոսքով՝ կանենք ամեն ինչ, որ իրենք կարողանան ազատ տեղաշարժվել: Լուծելու ենք խնդիրները կետային, լուծելու ենք ամբողջովին»,-նշում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Վերելակների փոխարինմանը զուգահեռ՝ քաղաքը ևս մեկ կարևոր խնդիր ունի. հարմարավետ պայմաններ ապահովել հերոսների բնակարաններում: Այս նախաձեռնությունը ևս գործնական ընթացք է ստացել:

«Քանի որ 54 վերելակ արդեն այս տարի նախատեսել էինք, մենք հենց այդ վերելակների հասցեները գնահատեցինք և հենց այդ հասցեներից ընտրեցինք տան հարմարեցումը, որպեսզի ծրագիրն առավել ամբողջական դառնար. վերելակը փոխվեց, տունը հարմարեցվեց, նույն շենքերի թեքահարթակների խնդիրը լուծեցինք, դրանից հետո որոշեցինք այդ տղաների հետ զբաղվածության խնդրով զբաղվել:

Համագործակցությունն այնքան է կարևոր, որ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը իրավիճակը համալիր է գնահատում և խնդիրներին ծանոթ է, իսկ վերհանված խնդիրներով ավելի ճիշտ կլինի արդյունավետ ծրագրեր կազմելը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

2019-2020 թթ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով մայրաքաղաքում փոխարինվել է 520 վերելակ: 2021-ին այդ ցանկը կհամալրվի ևս 54-ով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---