Կաթողիկոսը Վատիկանում Հռոմի պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Կաթողիկոսը Վատիկանում Հռոմի պապի հետ հանդիպմանը  շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպմանը, խոսելով 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքների մասին, հատկապես շեշտադրել է ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։

«Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին։

Նորին Սրբությունը նաև շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Այնուհետև կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:

Մասնավորապես արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց կաթողիկոսը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը։

Կաթողիկոսի գլխավորությամբ Իտալիա մեկնած պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, այլ բարձրաստիճան հոգևորականներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---