Փաշինյան․ Պատվաստումը պետք է առաջ գնա՝ վարչական լծակները գործադրեք

Փաշինյան․ Պատվաստումը պետք է առաջ գնա՝ վարչական լծակները գործադրեք

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով պատվաստումների դանդաղ ընթացքին, ասել է, որ այդ հարցում կա պետության հստակ պարտավորություն։

«Վարչական լծակները գործադրեք, պատվաստումը պետք է առաջ գնա»,-ասել է նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ որոշ անձիքն շփոթության մեջ են գցում մարդկանց պատվաստաւոմների հարցում, անհիմն վախեր ներշնչում։

Արձագանքելով՝ վարչապետն ասել է, որ այդ ուժերն ուզում են, որ «որքան հնարավոր է շատ մարդ մահանա», որ ասեն, թե կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել։

«Ես խնդիր եմ դրել, ինձ մի ասեք, ով է խանգարում և ինչու, գնացեք՝ լուծեք: Պետական կառավարման համակարգում չպատվաստված մարդ չպետք է լինի, բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար»,-ասել է նա:

Դիմելով ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին՝ Փաշինյանն ասել է, որ կեղծ պատվաստումների մասին ահազանգ էլ չլսի։

«Ձերբակալեք, կալանավորեք: Այն բժիշկները, որոնք օգտվում են մարդկանց չպատվաստելու առիթից և պատվաստանյութը փչացնում են, խիստ միջոցների պետք է ենթարկվեն: Մյուս անգամ չլսեմ, որ ասեք` խանգարում են: Կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված են»,-ասել է Փաշինյանը:

Ավանեսյանը, ներկայացնելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախարարությանը պետբյուջեից 2 մլրդ 365 մլն դրամ հատկացնելու նախագիծը, ասել է, որ կառավարությունն ամբողջությամբ հոգում է հիվանդների բուժման ծախսերը և ուրախ կլիներ, եթե 2.3 մլրդ դրամն ուղղվեր այլ կարիքների, այլ հիվանդությունների բուժմանը:

Նախարարն ասել է, որ կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման գործընթացում 2226 մահճակալ է զբաղված: Ավանեսյանը տեղեկացրել է, որ ակտիվ 14,000-ից ավելի դեպքերի մեջ ընդամենը 176 հոգին է, որ հիվանդանոցային բուժման կարիք ունի՝ պատվաստված լինելով հանդերձ:

Հոկտեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մեկ օրում 30 մահ է գրանցվել։ 26-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5466 դեպք կա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---