Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 6 կուսակցություն եւ մեկ քաղաքական դաշինք

PanARMENIAN.Net - «Երեկ` փաստաթղթերի ներկայացման ժամկետի լրանալուց հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստ էր անցկացվել, որի ընթացքում հաստատվել է վեց կուսակցության եւ մեկ քաղաքական դաշինքի մասնակցությունը 2009 թվականի մայիսի 31-ին Երեւանի քաղաքապետի եւ ավագանիների խորհրդի ընտրություններին», PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ԿԸՀ-ի մամլո քարտուղար Տաթեւ Օհանյանը:



Առաջինը փաստաթղթերն ու դիմումները մարտի 20-ին ԿԸՀ ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կուսակցության ցուցակը գլխավորում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, երկրորդ տեղում` խորհրդարանի պատգամավոր Մխիթար Մնացականյանը, իսկ երրորդ տեղում` կենսաբան, ԵՊՀ դասախոս Մարգարիտա Զաքարյանը: Կուսակցության ցուցակը կազմված է 122 թեկնածուից:



Կառավարող Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Երեւանի գործող քաղաքապետ, Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Գագիկ Բեգլարյանը, ցուցակում նրան հաջորդում է Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանը, իսկ երրորդ տեղում` Հրաչ Պողոսյանը: Ցուցակը կազմված է 180 թեկնածուից:



Ընտրություններին կմասնակցի նաեւ «Դաշնակցություն» կուսակցությունը, որը նախօրեին ներկայացրել էր ցուցակի առաջին երեք թեկնածուին` խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանին, Ալբերտ Աճեմյանին եւ դոկտոր Նորայր Դավիդյանին: Կուսակցության ցուցակը կազմված է 51 թեկնածուից:



«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը նույնպես բավականին երկար է եւ կազմված է 101 թեկնածուից: Ցուցակը գլխավորում է խորհրդարանի պատգամավոր Հեղինե Բիշարյանը, նրան հաջորդում է բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հենրիկ Բակունցը եւ տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գեորգի Վահանյանը:



Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանը, երկրորդ տեղում է ԲԲԸ տնօրեն Աշոտ Մուգենցյանը, երրորդ տեղում` Քաղաքաշինության նախարարության աշխատակից Յուրիկ Մարտիրոսյանը: Կուսակցության ցուցակը կազմված է 29 թեկնածուից:



Ընտրություններին կմասնակցի նաեւ Ժողովրդական կուսակցությունն իր 20 թեկնածուներով: Կուսակցության ցուցակը կգլխավորի ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը, երկրորդ տեղում է կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը, երրորդ տեղում` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի դեկան Հրաչիկ Վարդապետյանը:



ԿԸՀ դիմում ներկայացրած միակ քաղաքական դաշինքը Հայկական ազգային կոնգրեսն է: ՀԱԿ ցուցակը կազմված է 167 թեկնածուից, եւ այն գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում` Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, երրորդ թեկնածուն` ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
 Ուշագրավ
---