Ընդդիմությունն ԱԺ-ում հատուկ նիստ է նախաձեռնել անվտանգության թեմայով․ Վիճաբանություն է եղել

Ընդդիմությունն ԱԺ-ում հատուկ նիստ է նախաձեռնել անվտանգության թեմայով․ Վիճաբանություն է եղել

PanARMENIAN.Net - ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին նախաձեռնել են ՀՀ անվտանգության խնդիրների թեմայով ԱԺ հատուկ նիստ։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Որպեսզի բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվեն, որպեսզի հայ քաղաքացին հասկանա` իր երկրի սահմանների պաշտպանվածությունն ինչպիսին է, որպեսզի պատգամավորների, տարբեր գործիչների ահազանգերը ՀՀ սահմաններում հենակետերի փոփոխության մասին հստակ պատասխան ստանան։ Եվ ոչ թե, ինչպես երեկ եղավ` ԱԱԾ–ն, արհեստական, խուճուճ ձևակերպումներով, մոլորության մեջ գցի ՀՀ քաղաքացիներին»,– ասել է Մանուկյանը, գրում է Sputnik Արմենիան։

Հոկտեմբերի 18-ին մամուլում ու սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, որ Կապանի Փելա սար ռազմավարական բարձունքը հանձնվել է Ադրբեջանին։ ԱԱԾ-ն ավելի ուշ հերքել էր՝ նշելով, որ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և որ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։

Իր ելույթում Մանուկյանը շեշտել է, որ ԱԺ հատուկ նիստ հրավիրելու իրենց սահմանադրական իրավունքից ընդդիմադիր խմբակցությունները որոշել են օգտվել այն բանից հետո, երբ վերջին 1 ամսվա մեջ 2 անգամ նախաձեռնել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը, նրա խոսքով, հանձնաժողովի նախագահի «տարբեր արհեստական պատճառաբանություններով» տեղի չի ունեցել, մերժվել են նաև ԱԺ քննարկումներ կազմակերպելու առաջարկները։

«Արդեն մեկ ամսից ավելի ընդդիմությունը տարբեր ձևաչափերով փորձ է արել այսօր երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք հանդիսացող տարբեր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպել ԱԺ–ում` ԳՇ–ի, ՊՆ–ի ԱԱԾ–ի մասնակցությամբ։ ԱԺ ղեկավարությունը, հակառակ նրա, որ սկզբից քայլեր ձեռարկեց, հետո, սակայն, անգործություն դրսևորեց, և մինչև հիմա խորհրդարանում չեղան քննարկումներ»,– ասել է Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորի ելույթը հունից հանել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և նա սկսել է սպառնալ, որ կընդհատի ելույթը։

«Չեք կարող»,– ասել է Մանուկյանը։

«Ընդհատելու եմ»,– պնդել է Քոչարյանը` պահանջելով չշեղվել օրակարգից։

Երբ կրքերը հանդարտվեել են, ՔՊ խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հիշեցրել է, որ կառավարության հետ հարցուպատասխանի օրը, երբ խորհրդարանի դահլիճում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարը, ընդդիմադիրներն իրենց հուզող հարցերը նրան չուղղեցին։

«Հարց չտվեցի, որովհետև գրավոր էի դիմել ՊՆ–ին։ Իմ հարցին մի «լղորիկ» պատասխան է եկել»,– ասել է Մանուկյանը` ցույց տաով ձեռքի թուղթը, ապա խոստացել է այսօր էլ հարցեր ուղղել հանձնաժողովի նիստում ներկա պաշտպանության փոխնախարարին։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանը կրկին չի ընտրվել պաշտոնում։ Իշխանական պատգամավորները նրա թեկնածությունը մերժում են արդեն 8-րդ անգամ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---