Ախոյանի, Չախալյանի և մյուսների մեղադրանքը փոխվել է իշխանության յուրացման փորձի

Ախոյանի, Չախալյանի և մյուսների մեղադրանքը փոխվել է իշխանության յուրացման փորձի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մոտ 10 ամիս նախաքննություն իրականացնելուց հետո ՔԿ քննիչը որոշել է գործով անցնող Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին, Իսրայել Հակոբկոխյանին և մյուսներին մեղադրել նաև իշխանության բռնազավթման փորձի մեջ։ Այս մասին հայտնել է փաստաբան Միքայել Շխիմյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածով՝ իշխանության յուրացման փորձի հատկանիշներով, ինչի համար որպես պատիժ է սահմանված ազատազրկումը՝ 10-15 տարով։

Փաստաբանը տեղեկացրել է, որ մեղադրանքը լրացնելու համար քննչական մարմինը որևէ նոր ապացույց ձեռք չի բերել, այլ հիմք է ընդունել տարբեր հայտարարություններ, որոնք, ըստ նրա, կոնտեքստից կտրված էին։

Փաստաբանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալները մեղադրանքը չեն ընդունում, այն որակում են շինծու։ Քրեական գործով առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարվի։

Նշվում է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ քրեական գործով որևէ մեղադրյալի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, ավելին, այս ընթացքում մեղադրյալներին թույլատրել են մեկնել արտերկիր և վերադառնալ։ Սակայն, նախաքննության ավարտական փուլում վարույթն իրականացնող մարմինը հրավիրել է պաշտպանության կողմին և որոշել փոփոխել մեղադրանքը՝ ծանրացնելով այն։

Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված ակցիան իրավապահներն ի սկզբանե դիտարկել էին որպես կառավարության շենքը զավթելուն ուղղված գործողություններ, որի շրջանակներում 21 անձ բերման էր ենթարկվել, որոնցից հինգ հոգին՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը, ձերբակալվել էին, որոնք ոչ իրավաչափ էին համարվել դատարանների կողմից։

Այդուհանդերձ, նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել են՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---