Ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը. Նպատակը՝ «ամեն գնով կանխել ցանկացած նոր զիջում»

Ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը. Նպատակը՝ «ամեն գնով կանխել ցանկացած նոր զիջում»

PanARMENIAN.Net - Ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը՝ հանրահավաքներ նախաձեռնելով նոյեմբերի 9-ին և 10-ին։ Այդ մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԳ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ նպատակը «ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է։

«Այս ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մեր պայքարը չի դադարել, և, որ առաջիկայում նախատեսել ենք կոնկրետ քայլեր, մենք տասն օր առաջ դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ նոյեմբերի 9-ին և 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք և երթ կազմակերպելու համար։

Ես, ի պատասխան լրագրողի հարցին, հաստատել եմ, որ այս պահին նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավաքն ուժի մեջ է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու, այդ թվում՝ հանրահավաք։ Տասնյակ անգամներ ասել եմ, հիմա ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր նպատակն է կանխել նոր կապիտուլիացիան և Հայաստանի թրքացումը»,- ասվում է Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ դիմումն ընդունվել է ի գիտություն:

«Համահայկական դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է։ Եվ նոր կորուստներից խուսափելու միակ ճանապարհը. Մենք այս մասին հայտարարել էինք դեռևս օգոստոսին։ Կրկնում եմ՝ մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է:

Արդյո՞ք դա հնարավոր է, իմ կարծիքով՝ հնարավոր է, եթե զերծ մնանք անիմաստ շահարկումներից, լինենք միասնական, համախմբված ու բավարար թվաքանակով։ Կանենք դա, կստացվի և կփրկենք հայրենիքը, այլապես՝ միշտ էլ մեղավորներ կգտնվեն, անհոգ եղեք:

ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարևոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը»,-ասվում է գրառման մեջ։

ՌԻԱ Նովոստի պետական գործակալության տելեգրամ-ալիքը, իր աղբյուրի վրա հղումով, հայտնել էր, որ նոյեմբերի սկզբին Մոսկվայում կարող է կայանալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին ակնկալվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։ Ավելի վաղ նմանատիպ տեղեկություն հայտնել էր Аliqmedia-ն՝ դիվանագիտական վստահելի աղբյուրների վրա հղումով։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, մեկնաբանելով նոյեմբերին Մոսկվայում կայանալիք հնարավոր եռակողմ հանդիպման մասին լուրերը, հայտարարել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։

2020-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով Արցախում դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի պահպանված մասում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, իսկ հայկական կողմը մեծ տարածքային զիջումների գնաց։ Ընդդիմությունը այդ հայտարարությունը համարում է կապիտուլացիա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---