Քոչարյան․ ԶՈւ-ն միայնակ չի կարող՝ գործիքները վերցնենք, գնանք սահման՝ ինժեներական աշխատանքների

Քոչարյան․ ԶՈւ-ն միայնակ չի կարող՝ գործիքները վերցնենք, գնանք սահման՝ ինժեներական աշխատանքների

PanARMENIAN.Net - ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ սահմանները երկարել են և բանակը միայնակ չի կարող և ծառայություն իրականացնել, և ինժեներական աշխատանքներ կատարել։

«Կարծում եմ, որ հասարակության ինչ-որ շերտեր, օրինակ, ուսանողներ և այլոք, որ ասում են՝ մենք բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական՝ վերցնենք գործիքերը ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որպեսզի մեր զինծառայողները կարողանան կենտրոնանալ իրենց առջև դրված մարտական խնդիրների կատարման վրա», - ասել է նա, հայտնում է «Ա1»-ը։

Քոչարյանը հավելել է, որ Պաշտպանության հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամներով վերջերս եղել են սահմանի արևելյան հատվածում։

«Սահմանների երկարությունը փոխվել է, բովանդակությունն է փոխվել»,-ասել է նա։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը հայտարարել է, որ մինչև նոյեմբերի վերջ ԱԱԾ-ն կավարտի ՀՀ բոլոր սահմաններում տնակների տեղադրման գործընթացը։ Այս պահին, նրա խոսքով, սահմանապահները 99 տոկոսով ապահովված են տնակներով։ Դրանցից վերջինն անցյալ շաբաթ տեղադրվել է Սյունիքի մարզում, Որոտանի ճանապարհի վրա։ Ներկա պահին, Արամ Հակոբյանի տվյալներով, սահմանապահները վրանում են բնակվում միայն մեկ վայրում, որը մինչև նոյեմբերի վերջը կփոխարինվի տնակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---