Ոստիկանությունը մտադիր է 2023-ից անցնել կենսաչափական անձնագրերի․ Դիզայնը կփոխվի

Ոստիկանությունը մտադիր է 2023-ից անցնել կենսաչափական անձնագրերի․ Դիզայնը կփոխվի

PanARMENIAN.Net - Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, անդրադառնալով հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետի նախատեսվող փոփոխությանը, հայտարարել է, որ ոստիկանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի 2022-ի ավարտին կամ 2023-ի սկզբին հնարավոր լինի ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող լիովին նոր համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրմանը։

Այդ մասին նա ասել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, գրում է «Հետքը»։

Ֆիդանյանն ասել է նաև, որ իրավական առումով գործող և նոր կենսաչափական անձնագրերը նույնն են, բայց ոստիկանությունը դիզայնի փոփոխություն է նախատեսում, նաև՝ էջերի ավելացում, ինչը շատ ավելի երկարաժամկետ օգտագործման հնարավորություն կտա:

Փոխոստիկանապետի խոսքով` այդ կերպ ոստիկանությունը փորձելու է հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր:

«Հին նմուշների անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից, և եթե մենք 2022 թվականին տրամադրենք տասը տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, մենք ստիպված ենք լինելու առնվազն մինչև 2032 թվականը կիրառել ու շրջանառել հին նմուշի անձնագրերը»,-ասել է Ֆիդանյանը:

Պատասխանելով կենսաչափական անձնագրերի տրամադրման վճարների փոփոխության վերաբերյալ հարցին՝ փոխոստիկանապետն ասել է, որ վերանայում կլինի, սակայն այժմ չի կարող ասել` որքան: Նրա խոսքով` նվազումը պայմանավորված կլինի նրանով, թե որ ընկերությունը հաղթող կճանաչվի, ու ինչ գին կառաջարկի այդ անձնագրերի համար:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ԱԺ–ում ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ասել է, որ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ 2 տարի դարձնելը վերաբերում է մինչև 2023-ի սկիզբն ընկած ժամանակահատվածին։ «Դրանից հետո դրանք տրվելու են նորից 10 տարվա ժամկետով»,–ասել է Ֆիդանյանը։

Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի դարձնելու առաջարկը միանշանակ չէր ընդունվել հանրության շրջանում։ Նշվում էր, որ դա հատկապես խնդրահարույց է արտերկրում ապրողների համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---