Նախարար. Հիվանդացության առումով նվազում ունենք, մոտ 3000 հոսպիտալացվածից պատվաստված է 97-ը

Նախարար. Հիվանդացության առումով նվազում ունենք, մոտ 3000 հոսպիտալացվածից պատվաստված է 97-ը

PanARMENIAN.Net - Հայաստանում դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ դասերին առցանց անցնելը որոշակի դրական միտում է ցույց տվել: Այդ մասին Կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը երկրում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հիվանդացության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով», - ասել է նա:

Նախարարի խոսքով՝ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի նվազում կա:

Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա ՀՀ-ում պատվաստվել է 852,355 քաղաքացի:

«Պետք է ասեմ, որ Moderna պատվաստանյութի ստանալուց հետո մենք փոփոխություն իրականացրեցինք հրամանի մեջ ու 12 տարեկանից բարձր երեխաները հնարավորություն ունեն ստանալ պատվաստում, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, կա հետաքրքրություն, արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել», - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստված է ընդամենը 97-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, թե պատվաստված պետք է համարել այն քաղաքացիներին, որոնք երկու դեղաչափն են ստացել: Նրա խոսքով՝ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է. եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ հիվանդանոցներում տեղ չկա:

«Հետևաբար, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում: Սրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել, մենք լոքդաուների չենք գնալու, ուզում եմ սա հստակ արձանագրենք», - ասել է ՀՀ վարչապետը:

Նա հայտարարել է՝ պետք է մարդկանց փրկել ու այդ փրկության միջոցը կա:

«Խնդրում ենք, կոչ ենք անում պատվաստվել: Վարչական լծակները նույնպես կարևոր են, դրանք գործի ենք դնելու, բայց, ընդհանուր առմամբ, մարդկանց խնդրում ենք, որ օգնեն մեզ, որ կարողանանք օգնել իրենց», - ասել է Փաշինյանը:

Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 315,004-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 274,878 է։ Փաստացի բուժվողների թիվը 32,277 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---