«5165 շարժում»․ Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի

«5165 շարժում»․ Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի

PanARMENIAN.Net - «5165 շարժումը» հայտարարություն է տարածել նոյեմբերի 10-ի «ամոթալի համաձայնագրի տարելիցին» ընդառաջ ՝ նշելով, որ Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի։

Նշվում է, որ դա համաձայնագիր էր, որ գործող իշխանությունների կողմից մատուցվեց իբրև փրկօղակ, բայց իրականում «արտահայտում էր նրանց տենչը՝ ձերբազատվելու Արցախից ու արցախյան հարցից»:

«Այժմ էլ որոշ գերտերությունների ղեկավարների կամ փորձագետների շուրթերից հնչում են արտահայտություններ, Հայաստանի գործող ղեկավարներից ու նրանց մերձավոր լրատվամիջոցներից դուրս են սպրդում լուրեր այն մասին, որ դեռևս ցավոտ զիջումներ են սպասվում Հայաստանին, որ առջևում Արցախի հարցը գերեզմանող, Սյունիքի վրայով թուրանական միջանցքի բացում նախատեսող, ՀՀ ինքնիշխան տարածքները անկլավների անվան ներքո թշնամուն հանձնել պատրաստվող գործարքներ կան:

Նշվածի կապակցությամբ հայտարարում ենք.

Առաջին՝ Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի. Հայաստանը խնդիր ունի իր ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու ադրբեջանական զինված միավորումները, տեր կանգնելու Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներն օրինական տիրոջը վերադարձնելու գործընթացին: Հայաստանը հաստատակամորեն պետք է հրաժարվի իր կենսական շահերին հակասող որևէ գործարք ստորագրելուց, ինչը հնարավոր է համոզիչ կերպով ներկայացնել Հայաստանի վրա ենթադրյալ ճնշում գործադրող ցանկացած ուժային կենտրոնի, և ինչը հնարավոր է իրականացնել հարավկովկասյան տարածաշրջանային համակարգի ներսում առկա հակասություններն ու համաձայնությունները ճիշտ ընկալելով:

Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենա Արցախի հարցի կարգավորման համատեքստում, ինչը ենթադրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացում և Արցախի ու Հայաստանի Հանրապետության միջև հուսալի սահմանի գոյություն:

Երրորդ՝ խաղաղության անվան տակ Հայաստանից նոր զիջումներ կորզող ցանկացած գործարք խաղաղության չի հանգեցնելու, ընդհակառակը, ավելի է խորացնելու անվտանգային ճգնաժամը:

Չորրորդ՝ ի լուր Հայաստանի գործող իշխանությունների ու նրանց թուլություններն օգտագործող ուժերի, հայտարարում ենք, որ Հայաստանին անգամ բռնության գնով ցավոտ զիջումներ պարտադրելուն հետևելու է հայ ժողովրդի արժանապատիվ մի հատվածի պարտիզանական պայքարը»,-ասվում է հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, անդրադառնալով նոյեմբերի 9-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին լուրերին, հայտարարել է, այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մոտ օրերս ակնկալվող տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման մասին։ Ըստ Պեսկովի, տեսահանդիպումը նախատեսված է առաջիկա օրերին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---