ԱՀ ՔԿ․ Ադրբեջանցին անցել է «Շուշիի տակ» տեղանք, ազգային, կրոնական ատելության շարժառիթով կրակ բացել

ԱՀ ՔԿ․ Ադրբեջանցին անցել է «Շուշիի տակ» տեղանք, ազգային, կրոնական ատելության շարժառիթով կրակ բացել

PanARMENIAN.Net - Արցախի Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 08-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 1998թ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության պետ Մասիս Տեր-Թարխանյանի գլխավորությամբ կազմված քննչական խումբը։

Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի դատավարական և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---